Բագարանը՝ հին ու նոր
Պատմական անցյալի կնիքը
Մեր գյուղը
Բագարան, գյուղ Հայաստանի Արմավիրի մարզում։ Բնակավայրը գտնվում է մարզկենտրոնից 39 կմ հարավ-արևմուտք, Ախուրյանի գետաբերանի մոտ, ծովի մակերևույթից 990 մ բարձրության վրա։ Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, անասնապահությամբ, պտղաբուծությամբ և դաշտավարությամբ։
Գյուղի Հիմնադրումը
Բնակիչների գաղթը և հաստատումը
Հին բագարանցիները եկել են Բաքրանից, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում։ 1918 թվականին Միրզախանից տեղափոխվեցին Բաղչալար։ 1969 թվականից գյուղը վերանվանվել է Բագարան։
Բագարանցիները ջերմ, աշխատասեր մարդիկ են, որոնք սեր ու խնամք են տածում իրենց հողի հանդեպ։ Այստեղ մարդիկ հիմնականում զբաղվում են հողագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղի բնակիչները ջանք չեն խնայում այն ավելի գեղեցիկ ու հարմարավետ դարձնելու համար՝ հարգելով իրենց նախնիների թողած ժառանգությունը և ձգտելով այն փոխանցել գալիք սերունդներին։

Բագարանում կան հնագույն եկեղեցիներ և ճարտարապետական կոթողներ, որոնք վկայում են նրա հարուստ պատմության և մշակութային զարգացման մասին։ Գյուղի պատմական նշանակությունը արտացոլվում է նրա կոթողների, ավերակների ու եկեղեցիների մեջ։
Շուշանիկի Լեգենդը
Մի գեղեցիկ լեգենդ կա Ս․ Շուշանիկի կառուցման մասին։ Բագրատունյանց իշխաններից մեկի դուստրն էր Շուշանիկը, որը շատ էր սիրում զարդարվել և ամեն անգամ շատ երկար հայելու առաջ կանգնած զարդարվելուց հետո նա ուշանում էր Ս․ Թեոդորոս եկեղեցի գնալուց, քանի որ այն հեռու էր գտնվում Բագարանից։ Այդ պատճառով նրա հայրը՝ Բագրատունյաց իշխանը, Ախուրյանի ձախ ափին կառուցում է Ս․ Շուշանիկ եկեղեցին։

Պատմում են բագարանցիները
«Զաքարյան Հռիփսիմեի դասն էր,ուրեմն դասատուն ասեց` ով կարող է շուտասելուկ ասել։ էս Վարսո հորքուրը ` Գևորի տատը,ձեռը բարձրացնըմ է,դասատուն ասըմ է` ասա։Սմ է` ախե բախե պադեն կախե, ի՞նչ է։Սինք հա յանըմ ինչ,ու սկսինք ծիծաղալ»։

Պատմեց՝ Էմիլյա Բայբուրցյանը, 85 տարեկան

Միրզախան համայնքի անասնապահական ֆերման՝ Այրիսվատը, գտնվում էր գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա, և գյուղացիները ոտքով էին անցնում այդ ճանապարհը՝ նույնիսկ գիշերով։
Մի երեկո՝ ցուրտ ձմռանը, գյուղացի կանանցից մեկը, ինչպես միշտ մենակ Այրիսվատից վերադառնում էր գյուղ։ Հանկարծ նա նկատում է հետևից իրեն հետապնդող մի գայլի։ Վախից նա մի պահ շփոթվում է, սակայն միակ բանը, որ կարող էր անել խուճապի չմատնվելն էր։ Նա հիշում է, որ գայլերը զգուշանում են բարձր երաժշտական ձայներից և քանի որ ձեռքին լամպի ապակի կար, դնում է բերանին, սկսում է փչել ինչ-որ մի եղանակ և լամպից բարձր ձայներ են հնչում։ Գայլը մինչև գյուղ հետևում է նրան՝ չհամարձակվելով հարձակվել։ Այդպես գայլերի բնավորության իմացությունը փրկում է այդ կնոջը։

Պատմեց՝ Մարիա Մկրտչյանը, 70 տարեկան։

Մանկության հուշերից

Ուրեմն մեր դասրանում կային լավ սովորողներ, միջակներ և վատ սովորողներ։
Մի անգամ մեր դասարանից մի աղջիկ հելավ գրատախտակի մոտ մաթեմի ժամին, ու դասատուն ընենց հարց տվեց, որ պատասխանը պետքա ստացվեր 0, դասատուն էլ ասեց` գոնե սրան պատասխանի քառորդդ 2 չեմ փակի։ Դե ես էլ գերազանցիկ էի ու նենց ստացվավ, որ ձեռով 0 պետքա ցույց տայի։ Վերջը 0 ձեռով ցույց տվի թաքուն, մեկ էլ էդ աղջիկը ֆռաց բա ԾԱԿ։ Էնքան խնդացինք էրեխեքով։
Ուրեմն Միրզախան տերիտորիա ունեինք, Թուրքիայից ձիերը անցնում էին էս կողմը, արածում էին։
Մի օր մեր տղաներով որոշեցինք, որ գնանք ձիերին բռնենք։ Գռուզավիկը վերցրեցինք 4-5 տղաներով գնացինք, որ էդ ձիերին բռնենք։

Ճանապրահը շատ ոլոր-մոլոր էր։ Ձիերին հանեցինք, վերևը տղերքը կանգնած էին։ Ընենց տեղ պահեցինք, որ կարայինք բռնեինք։ Մի հատ ձի իրա ձագի հետ բռնեցինք։ Բարձանք գռուզավիկը, բերեցինք հասցրեցինք ,ասի էս ձագը ես եմ տանում պահեմ, մորն էլ ով տանումա թող տանի։ Ոչ մեկը չի ուզում էդ մայրը տանի, ասի.
-Տղերք ո՞վա ուզում մայրը տանի, ես ձագը տանըմ եմ պահեմ, դուք կուզե՞ք մայրը տանեք, բա չէ։
Նորից գռուզավիկը հետ քշեցինք, տարանք էդ ձիուն, բրախեցինք, քուռակը մնաց, բերեցի ես պահեցի։
Հետո ահագին ժամանակ անցավ, թե հիմա ով էր ասե ռազվետկից մարդ եկավ` Ներսիսյան Վահրամը, ասեց.
-Թոռնիկ ջան, դու ձի ես բռնե, թուրքի ձի ա՞։
Ասի.
-Հա, հենա մեր գոմնա։
Հետո էլ տեսա ինչա ասի` էդ ձիուն վերացնեմ։Մեր տղերքից մեկը` Նալբանդյան գյուղից, ձին եկավ տեսավ, բա կտա՞ս ինձ, ասի հա արի տար, եկավ տարավ տենց էլ պահեց, ընգել էր դաշտերը գարի էր կերել, սատկել էր։
Էդ էլ էդ պատմությունը, բալա ջան։

Պատմեց՝ Թոռնիկ Ղազարյանը, 64 տարեկան

Ավանդություններ և ավելին
Ամեն սեպտեմբեր ամսվա վերջին կիրակին նվիրված է եղել Սուրբ Գևորգի տոնակատարությանը, իսկ Բագարանի բարձունքում գտնվում է Սուրբ Գևորգի մատուռը։Եվ ամեն տարվա սեպտեմբերի վերջին կիրակին գալիս էին տարբեր շրջաններից, գյուղերից մարդիկ. բոբիկ, կամ ոտնամանով էին գալիս` նշելու Սուրբ Գևորգի տոնը։Մատաղներ էին անում և հեռվից եկած մարդիկ ապրում էին տեղաբնակների մոտ, որովհետև մի քանի օր էր տևում այդ տոնակատարությունը։Շատ շուքով ու գեղեցիկ տոնակատարություն էր, որը վկայում է մեր ժողովրդի հավատալիքների մասին, հավատարմության մասին քրիստոնեական ավանդույթներին, կազմակերպվածության,հյուրասիրության, հյուրընկալության ավանդույթին։

Բանաստեղծություններ - Գյուղակս
Արաքսին մոտիկ սարերի գրկում
Ծվարել է գյուղակս հին,
Ուր ամեն օր գետն է շաչում
Ու շառաչում,
Կարկաչում են աղբյուրները
Պարզ ու վճիտ,
Կեռմաններով հոսում անվերջ,
Առատ ջրելով արտ ու արահետ:
Երդիկներից, թոնիրներից ծուխը ելնում,
Երկարում է մինչև երկինք.
Ուր սարվորը հանդ է գնում
Մանգաղն ուսին,
Ուր բլբուլն է երգում թփին:
Արդեն ծաղկած այգիներից
Մեղուներն են նեկտար քամում,
Ուր բարդիները նազանքով
Սոսափում են, օրոր ասում:
Ուր վաստակած հոգնությամբ էլ
Մայրամուտի շողերն առած
Փոշոտ մեջքին՝
Ռանչպարը գոհ դառնում է տուն:


Հեղինակ՝ Գայանե Մովսիսյան
Ճմուռ
Ճմուռը հին հայկական ուտեստներից է։ Այն տարածված է նաև մեր գյուղում։ Ճմուռ պատրաստելու համար անհրաժեշտ է տաք բոքոն և ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ արդար յուղ։
Պանրխաշ
հին հայկական ուտեստ
Բագարանում շատ տարածված ուտեստ է պանրխաշը։ Այն հնագույն ժամանակներից բագարանցիների սիրելի ուտեստներից է նաև այն պատճառով, որ համախմբում էր ընտանիքի բոլոր անդամներին և հարազատներին մեկ սեղանի շուրջ։
Պատրաստման ընթացքը՝ ստորև․
Բաղադրությունը
Անհրաժեշտ բաղադրիչներ
  • լավաշ (չոր)
  • պանիր (չեչիլ)
  • սոխ ( ըստ ցանկության)
  • յուղ
Պատրաստման ընթացքը
Խորունկ ամանի մեջ մանրել լավաշը և պանիրը, լուսնաձև կտրել և տապակել սոխը, եռացրած ջրով թրջել լավաշը և ավելացնել սոխոռածը։ Սոխոռածը կարելի է փոխարինել յուղով (ըստ ցանկության)։
Համայնքի այցեքարտը
Ծիրանենիների հրաշքը՝ բնության գողտրիկ անկյունում
Մի Կտոր Արև
Բագարանի չրերի յուրահատուկ համը և որակը դարձնում էին դրանք պահանջված ապրանք ոչ միայն տեղական շուկայում, այլև հարևան երկրներում։ Բագարանում ամենատարածված չրերի տեսակներն են՝ ծիրանի չիրը, սև սալորի չիրը և դեղձի չիրը։ Բոլոր տեսակի չրերը օգտակար են առողջությանը. ծիրանինը՝ սրտի համար, սև սալորինը՝ ստամոքսի համար, դեղձի չիրը էլ հարուստ է իր վիտամիններով։ Բագարանը համարվում է չրի հայրենիք։ Առաջներում շատ այգիներ են եղել Բագարան մայրաքաղաքում. մրգերը, երբ չեն կարողացել մթերել, փռել են արևի տակ, չորացել է, դարձել է չիր։ Այնուհետև զարգացել են, սարքել չրանոցներ և վաճառքի հանել։ Արտահանվում են դեպի Ռուսաստան, Ամերիկա և մի շարք եվրոպական երկրներ։ Հայկական չրերը, մասնավորապես մեր գյուղի՝ Բագարանի չրերը, շա՜տ համեղ են։ Ի դեպ, մի փոքրիկ տեղեկություն ևս. Հայաստանում առաջին հորիզոնականում են գտնվում Բագարանի գյուղի չրերը։


Պատմեց՝ Անդրանիկ Դանիելյանը, 60 տարեկան

Նկարները՝ Վահե Դանիելյանի

Մարդիկ
Եկեք միասին ծանոթանանք Բագարանի բնակիչներին՝ տարբեր, բայցև նման միևնույն ժամանակ։
Գյուղը ներսից ու դրսից
Ֆոտոպատմություն
ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
Այս կայքը պատրաստվել է Բագարանի Աշակերտական խորհրդի կողմից
ՔՈԱՖ «Աշակերտական խորհուրդների հզորացում» ծրագրի շրջանակներում։
Հեղինակային իրավունքները պաշտպանված են։
Կայքից մեջբերում անելիս աղբյուրը նշելը պարտադիր է։
coaf@coaf.org

Արմավիր, Բագարան
11.2024
This site was made on Tilda — a website builder that helps to create a website without any code
Create a website